Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի գործողությունները «հիմնավորեց» եռակողմ հայտարարություններում առկա բացթողումներով (ՎԻԴԵՈ)

15.09.2021, 19:08
Փաշինյանը մեկնաբանեց Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանը ոստիկանական հենակետ է տեղադրել․ՎԻԴԵՈ
Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի գործողությունները «հիմնավորեց» եռակողմ հայտարարություններում առկա բացթողումներով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին, մեկնաբանեց Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանը ոստիկանական հենակետ է տեղադրել։

Սեպտեմբերի 12–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սեպտեմբերի ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ 

«Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկակնքով, ունեն բազմաթիվ շերտեր, ենթատեքստեր: Կարևոր է, որ դրանք ճիշտ ընկալենք և թարգմանենք», - ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2020թ․-ի դեկտեմբերին իրականացրել են ՀՀ ԶՈւ  դիրքերը ԽՍՀՄ-ից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, որն իրականացվել է ռազմական նոր էսկալյացիայից խուսափելու համար:

Նա կրկին նշեց, որ 2010թ․-ին ԱԺ-ն ընդունել է վարչատարածքային բաժանման մասին օրենք, որտեղ հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի  վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: 

«2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ», - հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով, Հայաստանն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտար բեռները, ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջանի Ինքնավար Հանրապետություն գնալիս, պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում։-0-