ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11–ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
Փաշինյանն ընդգծեց նաև, որ Գորիս–Կապան հատվածում Հայաստանը նույնպես ըստ անհրաժեշտության անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր։
Նա հիշեցրեց, որ այս տարվա օգոստոսից Ադրբեջանը Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, այսինքն մաքսային տուրքեր էր գանձում Գորիս–Կապան ավտոճանապարհի իր տարածքով անցնող Էվայզլի, Չայզամի հատվածում։
«Ոչ պաշտոնական ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիցներին ուղղորդել դեպի Կապան–Աղվանի–Տաթև–Հալիձոր–Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթև–Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։ Նախորդ հինգշաբթի ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել։ Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարներին առավել հարմար անցումն ապահովելու համար։ Կապան մեկնելիս և վերադառնալիս այդ ճանապարհներին տեսել եմ մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում` Իրանի բեռնատարներ, որոնք ազատ երթևեկում էին», – ասաց Փաշինյանն` ավելացնելով, որ ռրեկ մինչև կեսգիշեր և դրանից հետո, այսինքն` մինչև լուսաբաց, Կապան–Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար։
Նա նշեց, որ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև–Աղվանի ասֆալտապատ ճանապարհով առանց լրացուցիչ մաքսատուրքի։
«Ընդգծեմ նաև, որ նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, մի քիչ էլ կրճատվում է` հաշվի առնելով ճանապարհների որակը։ Երասխ–Գորիս հատվածում այս պահին տեղի են ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքներ, և ճանապարհի որակը էականորեն փոխվում է», – ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում Տաթև–Լծեն հատվածում, Շուռնուխի և Որոտանի հատվածում, մի քանի այլ հատվածներում ևս։
«Երթևեկության տրամաբանության փոփոխության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է, և այդ հարցը հնարավորինս արագ կլուծենք», –ընդգծեց Փաշինյանը։–0–