Պարապլաններ, օդապարիկներ և ինքնաթիռներ․ ՀՀ–ում կանցկացվի Air Fest փառատոն

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Եղվարդի օդանավակայանում սեպտեմբերի 28–ին տեղի կունենա Air Fest փառատոն։
Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամի տնօրեն, օդաչու Արմեն Սարգսյանը, Air Fest-ի մասնակիցների թվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչներ։
«Երկինք կբարձրանան մոտ 20 ինքնաթիռներ, ուղղաթիռներ, դելտապլաններ, պարապլաններ, օդապարիկներ կարձակվեն և կցուցադրվի ավիաշոու։ Կկազմակերպվի նաև պանելային քննարկում ավիացիայի և զբոսաշրջության վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, նախատեսված է շատ հետաքրքիր և հագեցած ծրագիր»,- նշեց Սարգսյանը։
Air Fest-ի համակարգող Ելենա Նալբանդյանն իր հերթին ասաց, որ միջոցառումը կանցկացվի ժամը 12:00-20:00-ն, նախատեսված է համերգային ծրագիր՝ Ափօ Սահակյանի և «Կաթիլ» խմբի մասնակցությամբ։
«Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան մասնակցել ժամանցային ծրագրերի, ինչպես նաև օդ բարձրանալ ինքնաթիռով, ուղղաթիռով, պարապլանով, դելտապլանով կամ օդապարիկով»,- ասաց Նալբանդյանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մամուլի քարտուղար Անահիտ Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ այս փառատոնն առանձնահատուկ է։
«Այն վերաբերում է կոմիտեի կողմից համակարգվող բոլոր չորս ոլորտներին՝ մշակույթ, գաստրո, բնություն և արկածային զբոսաշրջություն։ Air Fest -ը պատկանում է արկածային զբոսաշրջությանը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ», – ասաց Բաղդասարյանը։
Նա հավելեց, որ մինչև տարեվերջ կոմիտեի հովանու ներքո նախատեսվում է անցկացնել ևս երկու փառատոն։
«Հոկտեմբերի 5-ին Վայոց Ձորի մարզի Արենի քաղաքում կանցկացվի Գինու փառատոն։ Փառատոների շարքը կավարտվի հոկտեմբերի 12-16-ը «Discover Armenia From the Sky» օդապարիկների փառատոնով»,- տեղեկացրեց Բաղդասարյանը։
Air Fest V-ն նվիրված է Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը, նրա ներուժին՝ խթանելով Հայաստանում և՛ զբոսաշրջությանը, և՛ նորարարությանը: Փառատոնը նպատակն է զարգացնել հանրության հետաքրքրությունը ավիացիայի նկատմամբ, հասարակության մոտեցնել ավիացիային, զարգացնել այս ոլորտում աճի նոր հնարավորություններ: