ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև–Աղվանի ճանապարհահատվածը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։
Պապիկյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այսօր այցելել է Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։
«Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ», – նշել է Պապիկյանը։–0–