Նախատեսվում է ավելացնել պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները․ օրենքի նախագիծ

29.01.2025, 15:36
Օրենքի նախագծի համաձայն, նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները
Նախատեսվում է ավելացնել պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները․ օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ․ 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պաշտպանության նախարարության կողմից edraft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հրապարակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։

Օրենքի նախագծի համաձայն, նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները և նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ:

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, անհրաժեշտություն է առաջացել սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայությունն արժևորելու նպատակով՝ այդպիսի զորամասերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել հիմնական արձակուրդի ավելի երկար ժամկետ, որի հիման վրա առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ դրանք տրամադրելով ծառայության ընթացքում երեք հավասար մասերով, հանել արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերի տրամադրումը և երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ։

։