Միջոցառումների ոլորտը «կորոնավիրուսային» ճգնաժամի մեջ է. նրա ներկայացուցիչներն ակնկալում են կառավարության օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին տեղի ունեցած միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների ժողովի ընթացքում պատրաստվել է ամփոփ արձանագրություն, որը հրապարակել է հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը։
Նշվում է, որ ոլորտը ապահովում է մոտ քսան հազար աշխատատեղ, տարեկան ապահովելով մոտ երեք հարյուր միլիոն դոլարի շրջանառություն։
«Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտ ամսից մեր բնագավառը փակվեց կարանտինային միջոցառումների կազմակերպման նպատակով։ Մենք բոլորս հայտնեցինք մեր պատրաստակամությունը փակվել կարանտինի, կրել ֆինանսական վնասներ, բայց ամեն գնով օժանդակել պետությանը՝ հաղթահարելու երկրին պատուհասած այս արհավիրքին», – նշում է Բարսեղյանը։
Կարանտինից հետո պետությունը ազատականացրեց համարյա բոլոր ոլորտները, բացի միջոցառումների անցկացումից։ Թույլ տերվեց հասարակական սննդի ոլորտի բոլոր օբյեկտների գործունեությունը, բացառությամբ ոլորտի ռեստորանային համալիրների։
«Պետությունը կիրառեց այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն արտահայտում իրերի և իրադարձությունների իրական պատկերը և այլևս մեր կարծիքով վտանգում են մեր բազմահազարանոց բնագավառի գոյությունը», – նշվում է արձանագրության մեջ։
Ժողովի կազմակերպիչներն ընդգծում են, որ ոլորտի բոլոր ռեստորանային համալիրների սեփակատերերը հավաստիացնում են, որ ամբողջությամբ պատրաստ են ապահովել հակահամաճարակային պահանջները, ներառյալ հավելյալ այլ պահանջներ, որոնք կկիրառվեն պարետատան որոշմամբ։
«Մենք խնդրում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից մասնավորապես պատասխանել մեկ պարզ հարցի՝ երբ է ազատականացվելու տնտեսական գործունեությունը և երբ է թույլատրվելու մեր բնագավառի գործունեությունը», – նշվում է հայտարարության մեջ։
Ոլորտի ներկայացուցիչների անունից Բարսեղյանը հարցադրում է անում` արդյոք ՀայաստանիՀհանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ ինդուստրիայի կրած վնասները և ինչ-որ կերպ փոխհատուցել այն, հաշվի առնելով այն փաստը, որ հենց պետության որոշմամբ է արգելվել իրենց գործունեությունը։ Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ բնագավառում աշխատող մոտ քսան հազար աշխատողի սոցիալական ապահովությունը և կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։
«Մեր հիմնական պահանջը, որը պատրաստվելու ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հիմնվում է այն պարզ փաստի վրա, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը սահմանափակել է մեր ոլորտի գործունությունը ամբողջությամբ և կառավարությունը պարտավոր է մշակել ծրագրեր՝ ուղղված ոլորտին աջակցությանը։ Հիշեցնում ենք, որ սկսել ենք բնագավառի բոլոր բիզնեսների կրած վնասների մանրակրկիտ գույքագրում», – նշել է նա։–0–