ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես գրում է «Հայկական ժամանակը», հայտնի է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, իր պաշտոնավարման մեկնարկից սկսած, բազմաթիվ անգամներ ցանկություն է ունեցել հրաժարական տալ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից:
Սակայն տարօրինակ կերպով ամեն ինչ փոխվեց, երբ նա պատերազմի օրերին հայտնի գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ, որի հետ նա ունի քավոր-սանիկական հարաբերություններ, մեկնեց Արցախ:
Ինչպես գրում է ՀԺ–ն, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո նա դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:
Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:
Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Մարությանին, և նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում:
«Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը: Մասնավորապես՝ վերլուծելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած «Հայաստան» դաշինքը միտումնավոր չի առաջարդում թեկնածուներ, սակայն քողարկված կերպով պաշտպանում է դեռևս նախկին իշխանությունների կողմից մնացած գործող քաղաքապետներին, որոնք սեփական անուն-ազգանուններով դաշինքների ներքո որոշ տեղերում հաղթում են իշխանական թեկնածուներին, նախկին իշխանությունները իրենց համար հարմար թեկնածու են տեսնում նաև Հայկ Մարությանին գալիք 2023 թվականի Երևանի ՏԻՄ ընտրություններում», – գրում է ՀԺ–ն:
Եթե մինչ այս կենտրոնական իշխանությունները «մի կերպ հանդուրժում էին» Հայկ Մարությանի ընդունած դիրքը, ապա այս ամենից հետո ակնհայտ է դառնում, որ լուրջ անդունդ է ձևավորվում նրան քնաղաքապետ դարձրած քաղաքական թիմի և նրա միջև:
Թե ինչպե՞ս կորոշի Հայկ Մարությանի հետագա ճակատագիրը նրան քաղաքապետ դարձրած իշխող քաղաքական թիմը, պարզ կլինի ապագայում:
Միաժամանակ այսօր ԱԺ–ում Մարությանի հրաժարականի հարցին է անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ։ Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել։ Այս պահի դրությամբ որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է այդ պաշտոնավարումն ավարտվի, գործնականում չկա։ Դա միայն հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով. երբ քաղաքապետրն ինքը հրաժարական կտա և, եթե չեմ սխալվում, երբ ավագանին անվստահություն կհայտնի», – ասաց Աղաջանյանը։–0–Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում