«Լռեք ու վերջ». Արփինե Հովհաննիսյանը կոշտ քննադատել է ԵԽԽՎ զեկուցողների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կոշտ քննադատության է ենթարկել ԵԽԽՎ զեկուցողների խոսքերն այն մասին, որ «իրենց համար անընդունելի է բանակի հայտարարությունը»։
Հովհաննիսյանն իր Facebook–յան էջում գրել է, որ այս կառույցը (ԵԽԽՎ, խմբգր.) վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին:
«Ու՞ր էիք դուք դատարանների, Սահմանադրական դատարանի վրա հարձակման ժամանակ, ու՞ր էիք, երբ երկրում ապօրինությունների ու կալանքների հիթ շքերթ էր, ու՞ր էիք պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ժամանակ, և ՎԵՐՋԱՊԵՍ ու՞ր եք հիմա` այսօր, այս պահին, երբ մեր գերիները ապօրինի պահվում են թշնամի երկրում, որն այսօր ասել է, որ էլ գերի չկա, որ վերադարձնի Հայաստանին: Դե եթե չկայիք, լռեք ու վերջ», – գրել է Հովհաննիսյանը։
Նախօրեին ԶԼՄ–ները հրապարակել են ԵԽԽՎ համազեկուցողներ Բորիանա Օբերգի (Շվեդիա) և Կիմո Կիլյունենի (Ֆինլանդիա) հայտարարությունը, որում նրանք մտահոգություն են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ են արել պահպանել ժողովրդավարական սկզբունքները։
«Մասնավորապես մենք անթույլատրելի ենք համարում հինգշաբթի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրապարակած հայտարարությունը, որը կոչ է անում հրաժարական տալ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը», – նշել են ԵԽԽՎ ներկայացուցիչները։
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։
Փետրվարի 25–ին Երևանում կազմակերպվեցին Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների հանրահավաքները։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է ԱԺ–ի շենքը և հայտարարեց անժամկետ ու շուրջօրյա ակցիաների մասին, որոնք կշարունակվեն մինչև Փաշինյանի հրաժարականը։–0–