Լիտվան Հայաստանին է նվիրաբերում Moderna պատվաստանյութի 50 հազար դեղաչափ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստանին նվիրաբերել Moderna-ի արտադրության Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափ։
Այս մասին նշվում է Հայաստանում Լիտվայի դեսպանության Facebook–յան էջում։
Լիտվայի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է մինչև հոկտեմբերի 4-ը առկա պաշարներից հատկացնել Spikevax պատվաստանյութի համապատասխան չափաբաժինը՝ Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, նշվում է Լիտվայի կառավարության կայքում։
«Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք Հայաստանի ժողովրդի հետ կիսվել ոչ միայն AstraZeneca, այլև Moderna պատվաստանյութերով, քանի որ հայերը ստիպված են եղել պատվաստման համար ավելի երկար սպասել, քան Լիտվայի քաղաքացիները»,- ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
Նա ընդգծել է, որ Լիտվան կշարունակի պատվաստանյութերով կիսվել այն երկրների հետ, որոնց համար դրանք ձեռքբերելն ավելի բարդ է, քան ԵՄ անդամ պետություններին:–0–