Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, ամֆիթատրոն, շատրվան. կառավարությունը հաստատեց (ՎԻԴԵՈ)

26.11.2020, 12:03
Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, ամֆիթատրոն, շատրվան, ընդհանուր ներդրումները կկազմեն 10մլն դոլար. ՎԻԴԵՈ
Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, ամֆիթատրոն, շատրվան. կառավարությունը հաստատեց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ–ին կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելու համաձայնությանը։

Հարցը զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը նշեց, որ ՍՊԸ–ն Կոմիտասի պողոտայի հ.49/9 հասցեում գտնվող 2774,1 քմ մակերեսով շինության սեփականատերն է և դրա զբաղեցրած 2016քմ մակերեսով հողամասի վարձակալ։

«Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 և 49/10 հասցեներում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով», – ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով, ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որը իրար կկապի «Արաբկիր» մանկական զբոսայգին և քննարկվող այգին։

Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 10մլն դոլարին համարժեք դրամ։

Ըստ Պապիկյանի, մոտ 1մլն դոլարը կուղղվի ամֆիթատրոնի, շատրվանների, ջրավազանների, կաթիլային ոռոգման ապահովման, լուսավորության և այլ աշխատանքների իրականացման համար։

Պապիկյանը նաև նշեց, որ ներկա պահին այդ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում, և այստեղ ներդրումների կարիք կա։–0–