Խորհրդարանական ընդդիմությունը կդիմի ՍԴ և կվիճարկի ԱԺ խոսնակի ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկեն ԱԺ խոսնակի ընտրությունները։
Նախօրեին 8–րդ գումարման ԱԺ–ի առաջին նիստի ժամանակ իշխող ՔՊ–ի պատգամավորներն Ալեն Սիմոնյանին ընտրեցին ԱԺ խոսնակ։ Ընդդիմությունն ԱԺ խոսնակի թեկնածուներ էր առաջադրել կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին, որոնց նրանք համարում են քաղբանտարկյալներ։
«Ինչպես երեկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, եթե ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվելու է առանց երկու թեկնածուների մասնակցության (ընդդիմության ներկայացրած թեկնածուների, խմբգր.), մենք այդ ընտրությունը համարելու ենք ապօրինի և դիմելու ենք սահմանադրական դատարան` ընտրական գործընթացը հակասահմանադրական ճանաչելու պահանջով։ Երկրորդը, հիմք ընդունելով Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքները` դիմելու ենք ՍԴ պատգամավորներին անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու և մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ», – ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արամ Վարդևանյանն իր հերթին հայտարարեց, որ ԱԺ խոսնակի ընտրություններն ապօրինի են նաև քվեաթերթիկներում առկա սխալի պատճառով։
Նրա խոսքով, ընտրությունները պետք է նորից կազմակերպվեին, ինչը տեղի չի ունեցել։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն աջակցեց «Հայաստան» դաշինքի դիրքորոշմանն ու նշեց, որ իր խմբակցությունը ևս կմասնակցի ՍԴ դիմելու գործընթացին։
Նշենք, որ նախօրեին ԱԺ խոսնակ ընտրելու առաջին փորձը ձախողվել է թեկնածուներից մեկի ազգանվան մեջ հայտնաբերված տառասխալի պատճառով։ Ընտրությունները կազմակերպվեցին նույն օրը` մի փոքր ուշ։–0–