Խաշթառակում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:
Այս մասին նշվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Facebook–յան էջում։
«Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում մահացել է բռնության ենթարկված երեխաներից 6–ամյա տղան։
Նշենք, որ իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ստացել է համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա է գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմինների տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարցաքննվել են մի շարք անձինք:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
2020թ. օգոստոսի 20-ին Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է:–0–