«Խարդախության համաճարակ» սոցցանցերում. հայ փորձագետները զգուշացնում են բանկային տվյալների շորթման փորձերի մասին (ՎԻԴԵՈ)

12.06.2022, 11:37
«Խարդախության համաճարակ» սոցցանցերում. հայ փորձագետները զգուշացնում են բանկային տվյալների շորթման փորձերի մասին. ՎԻԴԵՈ
«Խարդախության համաճարակ» սոցցանցերում. հայ փորձագետները զգուշացնում են բանկային տվյալների շորթման փորձերի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Վերջին շրջանում սոցցանցերի հայկական տիրույթում հաճախակի են դարձել խարդախության փորձերի մասին տեղեկությունները, որոնք հատկապես տեղի են ունենում անշարժ գույքի, կենցաղային տեխնիկայի և այլ իրերի վարձակալությամբ և առուվաճառքով զբաղվող կայքերի միջոցով:

Ինչպես նշում են հայ փորձագետները, շատ դեպքերում խոսքը կիբերհանցագործության և օգտատերերի բանկային քարտերից գումար շորթելու մասին է: Դրա համար չարագործներն օգտագործում են «ՀայՓոստի» կայքի նման կեղծ կայք:

Այսպես, Codeex ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Արման Խաչատրյանը Facebook-յան իր էջում հրապարակել է «ՀայՓոստի» կեղծի կայքի սքրինը, որի միջոցով մեկ օրում երկու անգամ (անհաջող) փորձ էր արվել գողանալ իր բանկային քարտի տվյալները։

«Ոմն «գնորդը» ռուսական համարով WhatsApp-ից նամակ է գրում, որ ցանկանում է գնել ապրանքը։ Հետո հաստատում է, որ վճարել է և պատվիրել առաքում, ինչից հետո տալիս է հղում՝ վճարումը ստանալու համար», - նշել է Խաչատրյանը:

Նրա խոսքով, հղումը տանում է դեպի կեղծ կայք՝ պատրաստված Հայփոստի ոճով: Հաջորդ քայլով գումարը ստանալու համար կայքը պահանջում է բանկային քարտի տվյալներ՝ լիարժեք տվյալներ, որոնք բոլորովին պարտադիր չեն վճարում ստանալու համար, բայց լիովին բավարար՝ քարտի գումարը գողանալու համար։

Նման դեպքերում Խաչատրյանը խորհուրդ է տալիս միշտ ուշադիր լինել.
  • Կայքի հասցեին (domain). տվյալ դեպքում կեղծ հասցեն «haypost. orderw. online» է, մինչդեռ Հայփոստի պաշտոնական կայքի հասցեն haypost.am է,
  • Ինչ տվյալներ եք տրամադրում. բանկային քարտ, անձնագրի համար, անձնական որևէ այլ տվյալ, գաղտնաբառ, նույնիսկ Ձեր իմացած Ֆեյսբուքում կամ Ամազոնում մուտք գործելիս համոզվե՛ք, որ կայքը համապատասխանաբար պաշտոնականն է:
ՀՀ ոստիկանության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանն իր հերթին Facebook-ում զգուշացրել է. եթե list.am-ում կամ նմանատիպ կայքերում տեղադրել եք ապրանքներ վաճառելու հայտարարություններ, ապա՝
  • Ոչ մի դեպքում չհավատաք այն «գնորդներին», ովքեր ապրանքները գնելու պատրվակով կապ են հաստատել Ձեզ հետ (հիմնականում whatsapp կամ այլ հավելվածների միջոցով) և խոստացել են գումարը ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • «Գնորդին» չտրամադրեք Ձեր բանկային քարտի տվյալները կամ նրա կողմից ուղարկված հղումներում չմուտքագրեք դրանք (հղումները կարող են արտաքնապես նման լինել հայկական որևէ կայքի, օրինակ՝ haypost.am-ին), քանի որ կկորցնեք բանկային քարտում առկա ողջ գումարը
  • Եթե տուժել եք նմանատիպ հանցագործությունից, ապա դիմեք Ոստիկանություն:-0-