Կենդանիների պաշտպանվածությունն ապահովելու համար կստեղծվեն իրավական մեխանիզմներ. ԱԺ–ում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՎՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ դրված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։
Քննարկմանը ներկա էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ոստիկանության ներկայացուցիչներ։
Քննարկման շրջանակներում անդրադարձ է եղել կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրմանը, քննության իրականացմանը, մինչդատական և դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովմանը։
Օրենսդրական փաթեթի ընդունման և կիրարկման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան ու անպատասխանատու գործողությունների քանակը և ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների պաշտպանվածությունը:

