Կենցաղային բռնության կանխարգելում․ ՀՀ–ում կներդրվի ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ ընդունեց Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը։
Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ծրագիրն ուժի մեջ կմտնի և կգործի 2026 թվականից։
«Այն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբականան և սոցիալական աջակցության տրամադրմանը, առողջության վերականգնմանը, վնասակար սովորույթներից ձերբազատման միջոցով վերջինիս կողմից կրկին բռնություն գործադրելու կանխարգելմանը», – ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ ծրագիրը ՀՀ-ում իրականացվելու է առաջին անգամ: Ծրագրի թիրախային շահառուներն են լինելու ընտանեկան կամ կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ ոստիկանությունը կայացրել է նախազգուշացում, անձինք, որոնց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում: