Կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսները, եթե ուսանողներն ու դասախոսները վարկով հեծանիվ գնեն․ նախագիծ

17.12.2024, 15:08
Ուսանողներն ու դասախոսները կարող են վարկով հեծանիվ գնել․ կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսները
Կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսները, եթե ուսանողներն ու դասախոսները վարկով հեծանիվ գնեն․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսները, եթե ուսանողներն ու դասախոսները վարկով հեծանիվ գնեն։

Նման նախագիծ է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես նշվում է նախագծի մեջ, օժանդակությունը տրամադրվում է շահառուներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

Հեծանիվը պետք է լինի նոր, սիրողական դասի, որն օգտագործվելու են Հայաստանի տարածքում երթևեկության նպատակով։ Նախագծում նշվում է, որ տրամադրվող վարկի գումարը մինչև 300 հազ․ դրամ է, սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 36 ամիս։ Վարկի մարման ժամկետը մինչև 120 ամիս է։ Սուբսիդավորումը կլինի վարկի տոկոսադրույքի տարեկան 12% չափով։ Միջոցառումը գործելու է մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը։

«Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ ձեռք բերելու հեծանիվներ, որոնք կծառայեն որպես տրանսպորտային միջոց վերջիններիս համար և այդպիսով կխրախուսեն սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում, որը կփոխի երթևեկության հանրային մշակույթը՝ նպաստելով խցանումների նվազմանը քաղաքային բնակավայրերում և ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաներ», – ասվում է նախագծի հակիրճ բնութագրման մեջ։