Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց

15.04.2021, 12:35
Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց
Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը քննարկեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը։

«Այս նախագիծն ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը։ Այն կարգավորումները, որոնք մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է մեր երկրում հայտարարվում։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի՝ գործարարները, բիզնեսը, ամբողջ տնտեսությունը, չեն կարող թույլ տալ նման շռայլություն։ Եվ մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով։

Համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47,5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35,4 մլրդ դրամով, ծառայությունների ծավալը՝ 33,9 մլրդ դրամով։–0–