«Կանգնեցնում են տաբուրետկի վրա ասում են՝ արտասանի». Փաշինյանը քննադատել է դպրոցի դասավանդման մեթոդները (ՎԻԴԵՈ)

12.12.2019, 21:25
«Կանգնեցնում են տաբուրետկի վրա ասում են՝ արտասանի». վարչապետը քննադատել է դպրոցի դասավանդման մեթոդները. ՎԻԴԵՈ
«Կանգնեցնում են տաբուրետկի վրա ասում են՝ արտասանի». Փաշինյանը քննադատել է դպրոցի դասավանդման մեթոդները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է կրթական ոլորտում առկա խնդիրներին՝ խոսելով հայկական դպրոցներում դասավանդման սխալ մեթոդների մասին: 

«Եկեք պետական կառավարման համակարգը դնենք մի կողմ, և ուրիշ պետական համակարգ ստեղծենք: Եկեք ասենք, ՀՀ պետական համակարգում բոլոր աշխատատեղերը թափուր են: Եկեք հրավիրենք աշխատանքի, տեսնենք, թե քանի մարդ կանձագանքի դրան, և արձագանքածներից քանի հոգին կունենա անհրաժեշտ մասնագիտական հմտություն, անհրաժեշտ գիտելիք: Կունենա, թե՝ չի ունենա: Գիտենք, որ չի ունենա: Ինչո՞ւ՝ չի ունենա, որովհետև մեր դպրոցներում սովորեցնում են լրիվ ուրիշ բաներ, քան թե այն, ինչ պետք է սովորեցնեն: Կանգնեցնում են տաբուրետկի վրա ասում են՝ արտասանի, մի հատ էլ արտասանի, ավելի հայրենասիրական ձևով արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, ու տենց մի տասը անգամ, որ երբ Հանրապետության վարչապետն ու նախագահը գան, իրանց մասին բանաստեղծություն արտասանես», – նշեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով, հենց այդ համակարգը ստեղծածներն են, ովքեր այսօր բողոքում են մերօրյա կրթական համակարգից՝ խնդիր համարելով այն, որ կիբեռնետիկայի ֆակուլտետում դադարում է հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության առարկաների դասավանդումը:

«Ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու Հայաստանի շատ թե քիչ հնարավորություն ունեցող դիմորդների 90%-ը ուզում է գնա Անգլիայում սովորի: Չեն հարցնում, թե մեր ազգի էլիտան գնում սովորում ա, Սորբոնում կամ Քեմբրիջում հայ ժողովրդի պատմություն, հայ գրականություն և հայոց լեզու սովորում ա, թե չէ: Բա եթե չի սովորում, ո՞նց ենք մենք թույլ տալիս, որ գնա Օքսֆորդում սովորի: Ասենք չէ, դու իրավունք չունես գնալու, վիզան արգելենք, ասենք նստի ստեղ, գնա կիբեռնետիկայի ֆակուլտետում սովորի հայ ժողովրդի պատմություն»,- նշել է նա: 

Խոսքը շարունակելով՝ վարչապետն ընդգծեց, որ հայ ժողովրդի պատմության անհրաժեշտ գիտելիքները պետք է տրվի դպրոցում: Դպրոցն ավարտածը պետք է իմանա այնքան, ինչքան անհրաժեշտ է իրեն հայ զգալու և իր ինքնությանը տիրապետելու համար:

«Հիմա եկեք թեստ անենք, մեր պետական կառավարման համակարգում, այսօր ինչ գիտնականի գիտական աստիճան տալիս ես, պարզվում է, որ դիսերտացիայի կեսը կեղծ ա: Ու վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս: Ասում են՝ բոլորինը կեղծ ա, իմն էլ ա կեղծ: Ինչո՞ւ եք ինձ վրա կենտրոնացել: Ճիշտ ա ասում մարդը, այս կեղծիքի միջավայրում մենք ինչքա՞ն ենք կարողանալու ապրել»,- նշեց նա:

Ավելի վաղ, Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկել էր «Եկեղեցու պատմություն» առարկան հանել դպրոցական ծրագրերից, ինչպես նաև բուհերի համար ոչ պարտադիր դարձնել հայոց լեզվի և գրականության դասավանդումը: Նոյեմբերի 7-ից ԵՊՀ-ի մի խումբ ուսանողներ պարբերաբար ցույցեր էին անցկացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունանի հրաժարականը:-0-