Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ

02.09.2021, 11:18
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ։

«1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը:

Այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում», – նշվում է ուղերձում: 

Նախագահը խորին ցավակցություններն է հայտնել պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

«Մենք կանգնած ենք համահայկական փորձության առջև, որը հաղթահարելու համար վերստին անհրաժեշտ է համազգային միասնություն ու համախմբում: Արցախի անվտանգության ապահովման ու բնակչության կյանքի անձեռնմխելիության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի շարունակական սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական և մարդասիրական հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են: Դրանք չեն կարող լուծվել առանց տնտեսապես և քաղաքականապես ուժեղ, զարգացած, մրցունակ Հայաստանի գոյության, առանց Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնովին վերափոխման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման, առանց մեր միջազգային գործընկերների հետ լիարժեք համագործակցության», – նշել է ՀՀ նախագահը: 

Նրա խոսքով, մեր պատմության մեջ, Հայկական աշխարհի համար Արցախն ու արցախցին միշտ էլ առանձնահատուկ դերակատարություն են ունեցել: Այդպես է նաև այսօր, երբ մեր ժողովրդի համար սկսվել է նոր մարտահրավերներով լի ժամանակահատված: 

«Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք», – եզրափակել է ՀՀ նախագահը:–0–