ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ–ում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել և սկսել գոռգոռալ ընդդիմադիրների վրա, «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռա, ձայնդ մի բարձրացրու, Վարդանյանն էլ տեղից վեր է թռել, կանգնել, ոտքի է կանգնել նաև Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է, Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։
Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, որի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։ Վիճակը կայուն բավարար է, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։–0–