Ի՞նչ է սպասվում Հայաստանին կանոնական ռազմական հեղաշրջման դեպքում, մեկնաբանում է ռուս փորձագետը

26.02.2021, 16:35
Ի՞նչ է սպասվում Հայաստանին կանոնական ռազմական հեղաշրջման դեպքում, մեկնաբանում է ռուս փորձագետը
Ի՞նչ է սպասվում Հայաստանին կանոնական ռազմական հեղաշրջման դեպքում, մեկնաբանում է ռուս փորձագետը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Եթե բանակը չընդունի և իշխանազրկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանը կդառնա այն հետխորհրդային երկիրը, որտեղ տեղի կունենա կանոնական ռազմական հեղաշրջում, հայտարարել է Carnegie.ru–ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը АиФ–ին տված հարցազրույցում։

«Եթե բանակն իսկապես իշխանազրկի Փաշինյանին (ինչը դեռ տեղի չի ունենում), Հայաստանը կդառնա հետխորհրդային երկիր, որտեղ տեղի կունենա կանոնական ռազմական հեղաշրջում։ Երկիրը կհայտնվի Մերձավոր Արևելքի, Հարավ–արևելյան և Հարավային Ասիայի պետությունների ակումբում, որտեղ բանակը կատարում է քաղաքական մոդերատորի և վերակացուի դեր։ Դա կլինի հզոր խզում խորհրդային ավանդույթի հետ, որը բանակին զերծ էր պահում քաղաքականությունից և որին իներցիայով մինչև հիմա հետևում էին բոլոր հետխորհրդային պետություններն` անկախ կարգից», – նշել է նա։

Քաղաքագետ Վիտալի Արկովն իր հերթին կարծում է, որ Փաշինյանի և Զինված ուժերի միջև հակամարտությունը սկսվեց այն պատճառով, որ ԶՈւ–ն երկրում միակ ուժն է, որին վարչապետը չկարողացավ կոտրել։

Նրա խոսքով, ճգնաժամը կշարունակվի մինչև Փաշինյանը չհեռանա, քանի որ Հայաստանում շատ բացասական բաներ են կուտակվել նրանից և նրա գործողություններից։

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Փետրվարի 25–ին Երևանում կազմակերպվեցին Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների հանրահավաքները։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է ԱԺ–ի շենքը և հայտարարեց անժամկետ ու շուրջօրյա ակցիաների մասին, որոնք կշարունակվեն մինչև Փաշինյանի հրաժարականը։–0–