Հիսուս Քրիստոսի արձանը Հատիսի հուշարձանի տարածքում չի տեղադրվելու․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է, որ Հատիս լեռան հնագույն հուշարձանի տարածքում Հիսուս Քրիստոսի արձանը չի տեղադրվի։
Նա նշեց, որ հստակ չգիտի, թե որտեղ են ուզում տեղադրել Քրիստոսի արձանը (աշխարհում ամենաբարձրը, նախագիծն իրականացնում է խոշոր ձեռներեց, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը, խմբ.)։
«Այո՛, այդտեղ ամրոցի հետքեր էին հայտնաբերվել և հիմնադրամի հետ հուշագրի շրջանակներում նաև պեղումներ են իրականացվել, ամբողջությամբ առանձնացվել է հուշարձանի հատվածը, ճանաչվել է նաև որպես նորահայտ հուշարձան, և այդ իմաստով կարող եմ ձեզ վստահեցնել, ես չգիտեմ որտեղ է տեղադրվելու, բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու», – ասաց Անդրեասյանն ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ Հատիս լեռան վրա ընթանում են Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման աշխատանքները։
Ձեռնարկատեր, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարել էր 2022թ.–ի հունվարին։ Այնուհետև հայտարարվել էր մրցույթ։ Ներկայացված ավելի քան 300 աշխատանքներից ընտրվեցին 12 լավագույնները, արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։
Նախատեսվում է, որ այն կլինի Քրիստոսին նվիրված ամենաբարձր արձանը, նրա ընդհանուր բարձրությունը, պատվանդանի հետ միասին, կկազմի 77 մետր։ Կբացվի նաև թանգարան, ճոպանուղի, կգործեն քոթեջներ և սրճարան, զբոսաշրջիկների ներգրավման համար նախատեսված այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։
Նշենք նաև, որ բնապահպանները դեմ են նման նախաձեռնությանը, քանի որ Հատիս լեռան վրա կա հնավայր-ամրոց, որի տարածքում գտնվում են տարբեր դարաշրջանների շուրջ 20 պատմամշակութային հուշարձաններ։