Հինգշաբթի` սեպտեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)

27.09.2019, 08:00
Ներկայացնում ենք հինգշաբթի` սեպտեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունները։
Հինգշաբթի` սեպտեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` սեպտեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է բարձրացնել հրշեջ-փրկարարները աշխատավարձը: Ինչպես նշեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարարները և միջին մակարդակի հրշեջները ստանում են 85-90 հազար դրամ, չնայած որ ամեն օր վտանգում են իրենց կյանքը` աշխատելով ծանր ֆիզիկական և բարոյական պայմաններում: Ըստ նրա, աշխատավարձների բարձրացման արդյունքում շարքային աշխատողների աշխատավարձը հոկտեմբերի 1-ից կկազմի 130 հազար դրամ:

  • Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվող Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանը ներկայացրել է աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա առաջին մոտեցմամբ նախնական պատվիրել է 190 կգ, ինչն ամենաբարձր պատվերն էր: Պոկում վարժությունում Սիմոնն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 190 կգ-անոց ծանրաձողը: Իսկ արդեն երկորդ մոտեցմամբ բարձրացրել է 195 կիլոգրամ, երրորդ մոտեցման ժամանակ`199 կգ`սահմանելով աշխարհի ռեկորդ:

  • Սեպտեմբերի 25-26-ը Հայաստանում ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի (ԱՊՀ ՀԱԿ) համակարգմամբ՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անցկացրել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը և ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը: Վարժանքի ժամանակ վառելիքաէներգետիկ համալիրի (ՎԷՀ) օբյեկտներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման նախանշանների հայտնաբերման ուղղությամբ համաձայնեցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում մշակվել են Համագործակցության երկրների իրավասու մարմինների փոխգործակցության ալգորիթմերը, բացահայտվել է ԱՊՀ մի շարք պետությունների տարածքում գործող քողարկված ահաբեկչական ցանցը: «Արարատ-Անտիտեռոր-2019» վարժանքի արդյունքներով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարությունը դրական է գնահատել բոլոր ներգրավված ստորաբաժանումների գործողությունները: Վարժանքի նպատակներն իրագործվել են:

  • Հայ մոդել Արմինե Հարությունյանը մասնակցել է GUCCI-ի նորաձևության ցուցադրությանը: Միջոցառման տեսահոլովակը տեղադրվել է Gucci Hub-ի Instagram-ի պաշտոնական էջում:

  • Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6–րդ հարկից ընկած 2,5 տարեկան Արվինն առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, իսկ այսօր հեռանալիս բոլորին ժպտում էր, անընդմեջ շնորհակալություն հայտնում: Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա են եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք, նա եղել է անգիտակից վիճակում: Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության է եկել և ճանաչել ծնողներին:–0–