«Հետո չասեք, թե համաձայն չէիք ...», ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ. Էդմոն Մարուքյան

11.11.2020, 23:52
«Հետո չասեք, թե համաձայն չէիք ...», ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ. Էդմոն Մարուքյան
«Հետո չասեք, թե համաձայն չէիք ...», ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ. Էդմոն Մարուքյան
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ, տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook–յան իր էջում։

«22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ: Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը (ԱԺ փոխխոսնակը, խմբգր)», – գրել է նա։

Նա նշել է, որ ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով` «Ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը։

Загружается новость ... "Лево"

Մարուքյանը հայտարարել է, որ այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով։

«Հետո չասեք, թե համաձայն չէիք ...», – զգուշացրել է պատգամավորը։

Այսօր Ազատության հրապարակում մեկնարկել է 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը, որը շարունակվել է կառավարության և Ազգային ժողովի շենքերի մոտ։ Հանրահավաքի նպատակն է հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի` ի նշան Արցախի հարցով հայտարարության ստորագրման դեմ բողոքի, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հորդորել էր զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Բերման է ենթարկվել մոտ 130 մարդ։–0–