Հերթական բացահայտումը. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը ներկայացրել է 2018թ.–ին ԵՊՀ–ում «ադրբեջանագիտության» մասնագիտացման փակման մանրամասները

28.11.2020, 20:48
Հերթական բացահայտումը. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը ներկայացրել է 2018թ.–ին ԵՊՀ–ում «ադրբեջանագիտության» մասնագիտացման փակման մանրամասները
Հերթական բացահայտումը. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը ներկայացրել է 2018թ.–ին ԵՊՀ–ում «ադրբեջանագիտության» մասնագիտացման փակման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է 2018թ.–ին ԵՊՀ–ում «ադրբեջանագիտության» կրթական ծրագրի փակման մանրամասները։

«2018 թ. սեպտեմբերից փակվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում գործող «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը (մասնագիտացումը)։ Իմ բոլոր դիմումները և հարցումները պատասխանատու կառույցներին և անձանց մնացին անարձագանք և անարդյունք», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Մելքոնյանը նշել է, որ իր զարմանքն ու հիասթափությունը հատկապես մեծանում էր, երբ ստիպված էր լինում պատասխանատուներին բացատրել պատերազմող երկրում ադրբեջանագետներ ունենալու կարևորությունը. մասնագետներ, որոնք պետք է տիրապետեին թշնամի երկրի լեզվին, պատմությանը, քաղաքականությանը և այլն։

«Հույսս կտրելով` ես իմ լիազորությունների շրջանակներում փորձեցի կոմպենսացնել խնդիրը` ադրբեջանագիտական առարկաներ ընդգրկելով արևելագիտության ֆակուլտետի այլ մասնագիտացումների ծրագրերում: Ահա ևս մեկ դրվագ կրթական գերակայությունների հանդեպ ներկայիս ապիկար կառավարության մոտեցումների վերաբերյալ», – նշել է Մելքոնյանը։

Նա ավելացրել է, որ անցնող երկու տարվա ընթացքում այս մասին երբեք հանրային չի խոսել` հաշվի առնելով թեմայի զգայուն բնույթը և թշնամի երկրի մամուլի հնարավոր հետաքրքրությունը այդ հարցի հանդեպ։

«Բայց ներկայումս ընթացող աղմկոտ բացահայտումների շքերթը, գերակա կրթական ուղղությունների հանդեպ շարունակվող դիլետանտ մոտեցումները, կրթական քաղաքականություն մշակող կառույցում ապազգային մտածողություն ունեցող որոշ պատասխանատուների շարունակվող առկայությունը` ստիպեցին հանրային խոսել այս մասին։ Մեր պետականության հիմքերը խարխլած կարևորագույն գործոններից մեկը ապազգային մտածողությունն է, որը լիուլի և բացահայտ տարածված է նաև կրթական ոլորտում: Լուծումը` ապազգայինների հեռացում և կրթական գերակայությունների վերարժևորում», – եզրափակել է Մելքոնյանը։–0–