Հեռախոսս բացել են, մեջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձել է իրեն հասցեագրված մեղադրանքներին այն մասին, որ նա կազմակերպել է պետական, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունների արտահոսք։
Նախօրեին ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշում կայացվեց պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ Աղազարյանը տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվության և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է կազմակերպել: Դրանք պարզվել են և դարձել հեռացման հիմքերից մեկը։
«Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում պետական գաղտնիք, պետական կարևորության փաստաթղթեր։ Ես 6-7 տարվա մեջ երբևէ չեմ եղել էն բաժնում և չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար, երբևէ, որովհետև դա արվում է գրավոր, դա արձանագրվում է, դա ֆիքսվում է։ Եթե խոսքը վեգրաբերում է խմբակցության նիստերի ժամանակ, որտեղ մասնակցում են առավել ևս վարչապետի ներկայությամբ 60–70 պատգամավոր և ոչ միայն պատգամավորներ, այլ նաև կառավարության անդամներ, եթե խոսքը վերաբերում է այնտեղից ինչ–որ ինֆորմացիայի արտահոսքին, ապա ասեմ հետևյալը՝ սիրելի լրագրողներ, դուք գիտեք, որ ես միշտ հասանելի եմ, բոլորիդ հեռախոսահամարներն էլ իմ հեռախոսի մեջ կա գրված, հիմա ես զրույցների ընթացքում, թե հարցազրույցի ֆորմատով, թե ընդհանրապես զրույցի ֆոմատով, կարող է պատահի մի բան եմ ասել, որ կարելի չէր ասել։ Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված արտահոսք եմ արել», – այսօր ասաց Աղազարյանը լրագրողների հետ զրույցում։
Լրագրողների այն ակնարկին, որ ՔՊ նիստի ժամանակ ինքը հակափաստարկ չի բերել, Աղազարյանը նշեց․ «Ես զարմանք հայտնեցի, թե ոնց է եղել, որ իմ անձնական դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ, որովհետև երբ պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը, իմ ուսանողական ընկերը հայց է ներկայացրել դատախազություն, որպեսզի քրվարույթ հարուցվի այդ կապակցությամբ, պարզաբանումներ մտցվեն, այս շրջանակներում տեղի է ունեցել հարցաքննություն ինձ հետ, և իմ հեռախոսն առգրավվել են»։
Նա նշեց, որ իր հեռախոսը 10 օրից ավել գտնվել է քննիչի մոտ։
«Քննիչն ասաց, որ իրենց հետաքրքրում էին միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ էտ գործով», – ասաց Աղազարյանը։
Նա նաև նշեց, որ քննիչն իրեն վստահեցրել է, որ հեռախոսի մեկ առկա որևէ այլ տեղեկություն իրենց չի հետաքրքրում։
«Բայց պարզվում է, որ հեռախոսը բացել են, հեռախոսիս շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, ո՞վ է այդ նյութերը տվել վարչապետին, ի՞նչ նպատակով և որքանո՞վ է դա օրենքի շրջանակում», – ասաց Աղազարյանն՝ ընդգծելով, որ չի ուզենա հավատալ, որ դա արվել է վարչապետի հրահանգով։
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հորդորել է Աղազարյանին վայր դնել պատգամավորական մանդատը։ Աղազարյանը լրագրողներին ասել է, որ չի հրաժարվի մանդատից՝ հետևելով ռուսաստանցի մանկության ընկերոջ խորհրդին՝ «խորը ափսոսանք» հայտնելով, որ ստիպված է մերժել վարչապետի հորդորը։
Աղազարյան VS Քյարամյան
Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։
Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։
Քրեական գործ
Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։