ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 116 պատգամավոր, իսկ դեմ՝ մեկ պատգամավոր:
Ըստ ընդունված փոփոխությունների, նորածինների հայրիկներն իրավունք կունենան երեխայի ծնունդից հետո 30 օրվա ընթացքում ստանալ 5–օրյա վճարվող արձակուրդ։
Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: Այսպիսով` սահմանվել է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և տարակարգերի:
Օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի խոսքով, աշխատողները երեխայի խնամքի ողջ ընթացքում պաշտպանված կինեն աշխատանքային պայմանների հնարավոր փոփոխություններից։
Աշխատանքային պայմանների մասով փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի ընդունումից հետո, իսկ հայրիկների համար դեկրետային արձակուրդ ստանալու հնարավորությունն ուժի մեջ կմտնի 2021թ.–ի հունվարի 1–ից։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում