Հայկական կողմն օգնել է Ադրբեջանին՝ նրանց զինծառայողի որոնողական աշխատանքներում

19.02.2020, 21:15
Հայկական կողմն օգնել է Ադրբեջանին՝ նրանց զինծառայողի որոնողական աշխատանքներում
Հայկական կողմն օգնել է Ադրբեջանին՝ նրանց զինծառայողի որոնողական աշխատանքներում
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին, այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:

Ըստ նախարարության հաղորդման՝ աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները:

«Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-