Հայաստանում հայհոյելը կամ ծանր վիրավորելը քրեորեն պատժելի կդառնա

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պատժաչափ սահմանել անձին ծանր վիրավորանք հասցնելու, հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար:
Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագիծը նպատակ է հետապնդում ոչ այնքան պատասխանատվության կանչելու այն անձանց, որ հայհոյանքի միջոցով օգտագործել են վիրավորանք, այլ այն կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, և հասարակությունից հայհոյանքը՝ որպես արժանապատվությանը առավել ծանր հասցնող երևույթ, պետք է վերացվի:
Նախագծով Քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Պատգամավորը շեշտեց՝ նախագիծը նպատակ է հետապնդում ոչ թե ամբողջ վիրավորանքը քրեականացնել, այլ այն սահմանափակվել է բացառապես հայհոյանքով և հայհոյանքին համարժեք՝ անձի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքերով:-0-