Հայաստանում կզգանք հզոր ցուրտ օդային հոսանքների և տաք օդային հոսանքների ճակատամարտը․ Լևոն Ազիզյան

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի տարածքում սպասվում է հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտ։
Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը։
«Օդի ջերմաստիճանի բարձրացմանը (Երևանում մինչև +12 աստիճան) չխաբվեք, փետրվարի 19-ի երեկոյան ժամերից և առաջիկա երեք օրերին կզգաք հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտը մեր հանրապետությունում», – նշել է Ազիզյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ին և 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Երևանում փետրվարի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-ին և 21-ին՝ առատ:
Մարզերում փետրվարի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ին և 21-ին առանձին հատվածներում՝ առատ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-ին և 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-ին և 21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։