Հայաստանում ապրիլի 1–ից գազը վաճառվելու է կգ–ով

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն ուրբաթ նիստի ժամանակ հավանություն է տվել Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխություններին, ըստ որոնց` ապրիլի 1–ից քաղաքացիները վճարելու են ոչ թե գնված գազի ծավալի, այլ քաշի համար։
«Գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը` հաշվարկվի ծավալով», – ասաց նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` նշելով, որ չնայած 1կգ գազը հաշվարկվում է 34 դրամ, իսկ 1խմ–ն` 25 դրամ, իրականում դրանք նույնանման ցուցանիշներ են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կառավարությանը դիմել է նման քայլի, քանի որ ստացել է բազմաթիվ բողոքներ տարբեր գազալցակայաններում գազի ծավալի տարբերության մասին։
«Եթե այս որոշումը հանգեցնի գազի գնի բարձրացման, ապա բոլոր գազալցակայանները պետք է գիտակցեն, որ մինչև հիմա նրանք պարզապես խաբել են մարդկանց։ Եվ դա պետք է գրավի մեր ուշադրությունը։ Սակայն եթե գինը բարձրանա, սպառողը դրանից չի տուժի, քանի որ վճարելու է գազի այն ծավալի դիմաց, որը գնում է », – նշեց Փաշինյանը։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ գազալցակայաններում հաշվարկը սկզբից իրականացվում է կիլոգրամներով, որոնք վերահաշվարկվում են` դառնալով խորանարդ մետր, ինչը ջերմության տարբերության արդյունքում թույլ է տալիս խաբել հաճախորդներին։ Օրինագծի ընդունումը թույլ է տալիս ազատվել այդ միջանկյալ մեխանիզմից, հետևաբար` խարդախության ռիսկից։–0–