Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում է ձյուն և բուք

02.02.2023, 10:41
Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում է ձյուն և բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում է ձյուն և բուք
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ծառայությունը։

Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը՝ ձյուն։

«Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն», – հայտնում են ծառայությունից։

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:–0–