Հայաստանցիներն Ամանորին կհանգստանան ընդամենը 3 օր

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։
Փոփոխություններով նախատեսվում է կրճատել Ամանորյա տոները։
Ինչպես նշվում է օրենքի նախագծում, ոչ աշխատանքային են դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):
Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվում են աշխատանքային օրեր։
Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:–0–