Հայաստանցի զբոսաշրջիկները կարող են մուտք գործել Կիպրոս, հայտնի են ժամկետներն ու պայմանները

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կիպրոսը Հայաստանին ու ևս 15 պետություններին պաշտոնապես ներառել է երկրների «կարմիր» ցանկ, դա նշանակում է, որ այդ երկրներից ժամանող զբոսաշրջիկներն ապրիլի 1–ից կկարողանան մուտք գործել կղզի, գրում է Financial Mirror հրատարակությունը։
Ապրիլի 1–ից բացի Հայաստանից Կիպրոսի «կարմիր» ցանկում են հայտնվել Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄԷ–ն, Ուկրաինան, Հորդանանը, Լիբանանը, Եգիպտոսը, Բելառուսը, Ռուանդան, Սերբիան, ԱՄՆ–ն, Վրաստանը, Բահրեյնը և Քաթարը։
Դա նշանակում է, որ այդ երկրներից ժամանող զբոսաշրջիկները կարող են մուտք գործել Կիպրոս, եթե նրանք ունեն առնվազն 72 ժամ առաջ կատարված կորոնավիրուսի բացասական թեստ։ Նրանք պետք է հանձնեն ևս մեկ թեստ կղզի ժամանելուց հետո, որի համար պետք է վճարել։
Կիպրոսի առողջապահության նախարարության կողմից հրապարակված եռամակարդակ ցանկի համաձայն, անվտանգ երկրները դասակարգվում են` որպես «կանաչ», «նարնջագույն» և «կարմիր»։ Կիպրոս ժամանողներին թույլատրվում է մուտք գործել երկիր առանց կարանտինի մարտյան սահմանափակումների ավարտից հետո։–0–