Հայ ժողովուրդը դրանց վզներից բռնելու է և դուրս է շպրտելու այս դահլիճից. վարչապետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ուզում եմ ցավով արձանագրել, որ կան դեռևս մարդիկ, որոնք երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ցավով արձանագրել, որ կան դեռևս մարդիկ, որոնք երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով»,- նշել է վարչապետը:
Նա մանրամասնել է, որ խոսքն այնպիսի մարդկանց մասին է, որոնց քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակում անվանում են ղազագիր։
«Ուզում եմ ասել նաև, որ հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելը կարող է իրենց համար կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Սա անընդունելի է և համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց և ուժերին, վզներից բռնելու է և այս դահլիճից ընդհանրապես դուրս է շպրտելու, ես դրանում այդքան չեմ կասկածում»,– հայտնել է Փաշինյանը։-0-