Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ. «Ւմ քայլը» հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է խմբակցության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում», – նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նոյեմբերի 18–ին ներկայացրել է երկրում ստեղծված վիճակը հաղթահարելու «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 15 կետից։ Նա նշել է, որ 2021 թվականի հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացվի հետագա անելիքների վերաբերյալ:
Դեկտեմբերի 25–ին Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից և խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։
Հունվարի 27–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաղթելու է։ Նա նշեց, որ քաղաքական պայքարի համար կա թիմ ու ամբողջ գործիքակազմը։–0–