ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։
«Վերջին 20 օրում, մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք կորոնավիրուսի 200-ից պակաս նոր դեպքեր: Սա ընդհանուր առմամբ, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք: Ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է, այս պահին 3 հազարից պակաս ակտիվ դեպք ունենք», – ասաց վարչապետը` կարևորելով այն հանգամանքը, որ ամենօրյա թեստերի թիվը աննախադեպ բարձր է:
«Դրական դեպքերի տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան: Մենք հիմա մոտավորապես 5-8 տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Սա շատ կարևոր է, որովհետև եթե մարդիկ գիտեն, որ վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն վարքի վրա ազդում է», – ասաց Փաշինյանը։:
Նա նաև զգուշացրեց, որ առաջիկայում այս դրական դինամիկան խախտելու մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է:
«Այս առումով, կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Մենք պարտադրված ենք անել քայլեր, որ թույլ չտանք, որ վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամ։ Երբեմն լինում են մեկնաբանություններ, որոնք զարմացնում են։ Բոլոր հակահամաճարակային որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում դրանք և պահպանում: Կայացված որոշումները վերաբերվում են մեր երեխաներին նույնպես: Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն: Այնպես որ մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաև մոնիտորինգ կանենք իրավիճակը և եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից: Մենք համապատասխան որոշումները կկայացնենք, որ օր առաջ մեր երեխաները լիաթոք շնչեն», – ասաց վարչապետը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում