ՀՀ նախագահն ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է լարվածության թուլացման ուղիները

26.02.2021, 17:29
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ
ՀՀ նախագահն ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է լարվածության թուլացման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: 

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: 

«ննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները»,  – նշվում է գերատեսչության հաղորդագրւթյան մեջ:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Փետրվարի 25–ին Երևանում կազմակերպվեցին Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների հանրահավաքները։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է ԱԺ–ի շենքը և հայտարարեց անժամկետ ու շուրջօրյա ակցիաների մասին, որոնք կշարունակվեն մինչև Փաշինյանի հրաժարականը։–0–