ՀՀ նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ

03.05.2021, 18:40
Քրեական գործ է հարուցվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված
ՀՀ նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Facebook–յան իր էջում։

Նա հիշեցրել է, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:

Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էին ներկայացրել:

«Պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով», – նշել է Զոհրաբյանը:

Դատախազության որոշման մեջ նշվել է՝ « Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»:–0–