ՀՀ–ն իր անվտանգությունը տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ․ Փաշինյան

20.03.2024, 13:30
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին
ՀՀ–ն իր անվտանգությունը տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին առցանց ելույթի ժամանակ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է», – նշել է Փաշինյանը։

Նա վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության ճանապարհին՝ ի շահ ընդհանուր տարածաշրջանի, և ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության, նրա ինքնիշխանության և նրա միջազգային դերի։–0–