ՀՀ ԱԺ–ն, հնարավոր է, փետրվարին քննարկի ԵՄ–ին ՀՀ–ի անդամակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի խորհրդարանը նախատեսում է փետրվարի առաջին կեսին քննարկել Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Այս մասին ուրբաթ «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
«Այս գործընթացն ընթանում է ըստ ընթացակարգի։ Այն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի հաջորդ քառօրյայի օրակարգում (փետրվարի 11-14-ը)»,- ասաց Հարությունյանը։
ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին
Հունվարի 9–ին ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը։
Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը ողջունել է ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին ՀՀ կառավարության որոշումը՝ նշելով, որ «նրանք, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ պայմաններին և կիսում է մեր արժեքները, միշտ պետք է ցանկալի լինեն»։