438.37
4.44
404.03
+12
Եղանակը Երևանում
Հայ

Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու համար. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

20:01
22 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նշենք, որ Ա.Առուշանյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերը, նախաքննական մարմնի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես՝ Ա.Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական նպատակներով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերության կողմից, առանց պայմանագրի, ընդերքի օգտագործմամբ, կազմակերպել և ղեկավարել է առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն՝ էական վնաս պատճառելով համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին և ընդերքին:

Այսպես՝ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի, որի հաղթող է ճանաչվել իր ազգականը, որից հետո համայնքի ղեկավարի որոշմամբ և կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վերոհիշյալ հողամասն օտարվել է և գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գրանցվել է սեփականության իրավունք: Այնուհետև 2019 թվականի հունիսին Առուշանյանի նույն ազգականի անվամբ հիմնադրվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը փաստացի պատկանում է համայնքի ղեկավարին և կառավարվել ու ղեկավարվել է վերջինիս կողմից:

Загружается новость ... "Право"

ՍՊ ընկերությունը, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, չունենալով ընդերքօգտագործման իրավունք (թույլտվություն), լեռնահատկացման ակտ, առանց ջրօգտագործման, թույլատրելի սահմանային արտահոսքերի, սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների, այլ անհրաժեշտ փաստաթղթերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության ձեռք բերման, առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության, «Ընդերքի մասին», «Ջրային օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ պահանջների խախտմամբ, 2019-2020թթ. ընթացքում Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր 10275,8մ2, այլ անձանց պատկանող ընդհանուր 9309,8մ2, ազգականի անվամբ հաշվառված և ևս երկու՝ ընդհանուր 9146մ2 մակերեսով հողամասերում Առուշանյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է՝ ընդհանուր 15382մ2 ծավալով ավազակոպճային լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանում, վերամշակում՝ այդ կերպ համայնքային հողային ռեսուրսներին և շրջակա միջավայրին պատճառելով 619,232 ՀՀ դրամի, անձանց՝ 774,198 ՀՀ դրամի, պետությանը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված 1,000,000 ՀՀ դրամի, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ ընդհանուր 15,093,587 ՀՀ դրամի վնաս: Արդյունքում՝ համայնքի և հասարակության օրինական շահերին և շրջակա միջավայրին պատճառվել է 619,232 ՀՀ դրամի էական, իսկ անձանց և պետությանը՝ ընդհանուր 16,867,785 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշանյանը աշխատակցից, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, նրա անձնագիրը, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիս համայնքում գտնվող բնակարանի վերաբերյալ փաստաթղթերը, գրավադրել նշված բնակարանը, սակայն գրավի առարկան չբավականացնելու, ինչպես նաև աշխատակցի կողմից իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառով հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:

Загружается новость ... "Лево"

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին իր ընկերների հետ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, համայնքի մի բնակչի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար ոչ վտանգավոր՝ գլխուղեղի ցնցումով՝ ուղեկցված գանգուղեղային փակ վնասվածքի, քթոսկրերի փակ կոտրվածքի, ձախ աչքի ցանցենու պերիպապիլյար այտուցի և սալջարդի, ստորին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի սալջարդ վերքի, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի քերծվածքի ձևով արտահայտված մարմնական վնասվածքներ:

Մասնավորապես՝ նշված օրը վերջինս իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով և հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային, հարկադրված շրջանցել վերջինիս, ինչը զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ, և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները, լրացնելով միմյանց գործողությունները, բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթի հատվածին, ապա՝ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ հնչեցնելուն զուգահեռ հարվածներ է հասցրել նաև նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, այնուհետև հայհոյել և քաշել-պոկել է ավտոմեքենայի համարանիշը:

Բացի այդ, Ա.Առուշանյանը համացանցի «facebook» սոցիալական կայքի իր անհատական էջում հրապարակված կոչով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, մասնավորապես՝ հասարակության և պետության անվտանգության, հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված հավաքների ազատության իրավունքի սահմանափակման պայմաններում, առանց հավաքի անցկացման համար լիազոր մարմնին գրավոր իրազեկելու և դրանով անձանց հիմնական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն ապահովելու, դիտավորությամբ փորձել է կազմակերպել ու անցկացնել հավաք, ինչը տարածվել է նաև լրատվամիջոցներով: Ըստ հրապարակման՝ համայնքի ղեկավարը Գորիս համայնքի ազգաբնակչությանը կոչ է արել 2020թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 06:00-ին, համայնքի Գ.Տաթևացու անվան հրապարակից ավտոերթով մեկնել «Սյունիքի դարպասներ» կոչվող տարածք և արգելել ՀՀ վարչապետի մուտքը Սյունիքի մարզ, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ Ա.Առուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից