Գեղարքունիքում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, կասեցվել է դասապրոցեսը

06.03.2023, 15:28
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը
Գեղարքունիքում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, կասեցվել է դասապրոցեսը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։

ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։
Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում սպասվում է 25-30մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ արագությամբ քամի։–0–