633.58
6.9
532.78
+19
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոբոնդերի թողարկում, «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագրի ընթացք. վարչապետի անդրադարձը կառավարության նիստում

15:47
04 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից եվրոբոնդերի թողարկման գործընթացին և «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագրի ընթացքին:

Պատասխանատուները վարչապետին զեկուցել են նշված ուղղություններով աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը ներկայացնում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք 2021 թվականի փետրվարի 4-ի կառավարության հերթական նիստի աշխատանքները:

Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել տնտեսական բնույթի շատ կարևոր նորությամբ. Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում: Այս թողարկմամբ մենք ներգրավել ենք, թողարկել ենք 750 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմս, և շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով: Եվ սա, իհարկե, շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել: Երկրորդը՝ ըստ էության, կարող ենք ասել, որ ետապատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ:

Загружается новость ... "Лево"

Նաև ուզում եմ արձանագրել, որ քանի որ այս թեմայով կան որոշակի քննարկումներ, այս թողարկումն ամենևին էլ արտահերթ, արտառոց կամ արտակարգ երևույթ չէ, որովհետև նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: Այս առումով կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա:

Արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3.8 տոկոս է: Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականի թողարկումը, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում և էլի աննախադեպ ցածր տոկոսով էր տեղի ունեցել, 4.2 տոկոսով էր: Եվ այս արձանագրումը և նորությունը չափազանց կարևոր է: Կարևոր է նշել, որ մեր պարտատոմսերի պահանջարկը կամ առաջարկը, կարելի է երկու ձևով էլ ասել, եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 մլրդ պահանջարկ է եղել: Բայց այս պահին մենք որոշել ենք ներգրավել 750 մլն դոլարը: Պարոն Ջանջուղազյան, ի՞նչ ունեք ավելացնելու:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան - Շնորհակալություն: Ես կուզենայի մի փոքր մանրամասնել և, մինչ բովանդակությանն անդրադառնալը, ուղղակի հետևյալ արձանագրումն անել, որ այս քննարկումն իր մեջ որևէ հրապարակային առաջարկ ներդրողներին չի պարունակում և նախատեսված է օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի տիրույթում:

Իսկ բովանդակության հետ կապված, կարևոր է այն արձանագրումը, որ մենք 2021 թվականին այսպիսի թողարկում ունեցել ենք ոչ թե պահային գնահատման արդյունքում, այլ դա եղել է մինչ այժմ վարված համապարփակ քաղաքականությունների գնահատականը՝ միջազգային կապիտալի շուկայում ներդրողների համայնքի կողմից: Եվ շատ կարևոր է, որ երբ մենք պետական պարտքի մասին ենք խոսում և դատողություններ ենք անում, թե աճել է կամ նվազել է, մի փոքր այդ փոփոխությունների բովանդակությանն անդրադառնալ: Որովհետև առաջին հայացքից բացարձակ թվով աճն ընկալվում է որպես բացասական երևույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի: Այլ կերպ ասած, միավորը՝ երկիրը, որն ունի դեֆիցիտ իր պետական բյուջեում, չի կարող մտածել անվանական արտահայտությամբ կամ բացարձակ թվով պարտքի նվազման մասին, որովհետև որևէ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառու միջոցների ճանապարհով: Միակ դեպքը, որ կարող է քննարկվել բացարձակ թվով պարտքի նվազման հարց, այն է, երբ նպատակադրում արվի դեֆիցիտը հասցնել 0-յի, ինչ-որ ժամանակի ընթացքում դա կդառնա հնարավոր: Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել և չունենք և մեծ հավանակությամբ չենք ունենա, որովհետև դա զարգացմանը նպաստող քաղաքականություն չի կարող համարվել: Հետևաբար, քանի դեռ մենք ունենք պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը: Բայց սա մի մասն է պատմության:

Բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում նաև հարաբերական ցուցանիշները: Համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, պետական պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունն է: Այս դեպքում բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը հանդիսանում տվյալ տնտեսության համար: Բայց սա նույնպես ընդամենը ինտեգրալ մեկ ցուցանիշ է, որովհետև բազմաթիվ այլ ցուցանիշներով որոշումներ են կայացնում նույն ներդրողները, թե որքանով է ռիսկային պարտք ներգրավելու մտադրություն ունեցող թողարկողը, տվյալ դեպքում երկիրը: Եվ այդ ցուցանիշների վերաբերյալ մենք առիթ ունենում ենք բյուջեների կատարման հաշվետվությունների ժամանակ մանրամասնել: Առայժմ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2019 թվականը առնվազն հիմնականում գնահատվել է այդ ցուցանիշների տեսակետից նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Բայց սա ամենևին չի նշանակում, որ պետք է դրանով բավարարվել և մտնել բազմաթիվ ռիսկերի տակ ու էապես մեծացնել պարտքը, որովհետև նույն ներդրողը գնահատում է, թե որքանով է վճարունակ երկիրը և որքանով է բավարար տվյալ երկրի իրացվելիության կարողությունը՝ այդ պարտքը սպասարկել հենց այդ պայմաններով:

Տվյալ դեպքում խոսքը վերաբերում էր 10 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարտքին, որի թողարկման եկամտաբերությունը 3.875 տոկոս է, նախորդը 4.2 տոկոս էր: Արժեկտրոնային եկամտաբերությունը, որն այն տոկոսն է, որը յուրաքանչյուր տարի պարտքի գոյության ամբողջ ընթացքում պետք է օգտագործվի որպես տոկոսավճար վճարելու համար հաշվարկի ելակետ, 3.6 տոկոս է կազմել: Այսինքն՝ մենք ունենք հետևյալ պատկերը. 3.875 տոկոս թողարկման եկամտաբերություն և 3.6 տոկոս արժեկտրոնային եկամտաբերություն:

Նպաստավոր էին պայմանները, և, դրանով պայմանավորված, հաշվի առնելով 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներառված մնացած աղբյուրները. մասնավորապես, ներքին շուկայից թողարկման համար մենք ունենք 210 մլրդ դրամի զուտ ֆինանսավորման ծրագիր, ինչը նշանակում է մոտավորապես 370 մլրդ դրամ լրացուցիչ թողարկում ներքին շուկայում և 160 մլրդ դրամի չափ նախկինում թողարկված և ընթացքում կարճաժամկետ պարտատոմսերի մարման և հետգնման համար օգտագործվող միջոցներ: Ունենք նաև վարկերի ստացման ծրագիր՝ ինչպես արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ և մեր մյուս զարգացման գործընկերները, այնպես էլ բյուջետային աջակցության նպատակով՝ մոտավորապես 50 մլրդ դրամի վարկ: Այս գործոնները, ինչպես նաև շուկայի նպաստավոր պայմանները հաշվի առնելով՝ նպատակահարմար է համարվել 250 մլն դոլարով ավելի ներգրավել, քան ի սկզբանե բյուջեով նախատեսված ծրագիրն էր: Եվ այսօրվա նիստում ներառված հարցով առաջարկվում է այդ 250 մլն դոլարին համարժեք գումարը հաշվառել կայունացման դեպոզիտային հաշվում՝ որպես ֆինանսական բարձիկ, ըստ անհրաժեշտության, հետագայում տարվա ընթացքում ծագող խնդիրների նպատակով օգտագործելու համար: Շնորհակալ եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, շնորհակալ եմ, այսինքն՝ չզեկուցվող հարցերի մեջ այդ որոշումը մենք ունենք: Համեցեք, պարոն Գրիգորյան:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ես կարծում եմ, որ մի կարևոր հանգամանք ևս պետք է արձանագրենք, որը վերաբերում է մասնավոր հատվածի խոշոր ընկերությունների և բանկերի հնարավորություններին: Ըստ էության, մենք այս քայլով բացահայտեցինք շուկայի կոնյուկտուրան, և իրենք նույնպես հնարավորություն և, կարծում եմ, պետք է ցանկություն կունենան ներգրավել եվրոբոնդերի տեղաբաշխման միջոցներ արտաքին բաց շուկաներից: Եվ այդ իմաստով, այս քայլով մենք իրենց համար իրենց գործի կեսն արդեն արել ենք, որովհետև իրենց պարտատոմսերի գնահատման համակարգում այլևս երկրի ռիսկերը, առնվազն այս պահին, և՛ տնտեսական բոլոր միտումները, և՛ թրենդները բացահայտված են: Այսինքն՝ իրենց մնում է ուղղակի իրենց մասով ազդագրերը հստակ ձևակերպել և ներգրավել միջոցներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսինքն՝ ըստ էության, ճանապարհ ենք բացել նպաստավոր պայմաններով, որպեսզի ընկերությունները նույնպես թողարկեն պարտատոմսեր, մասնավոր և ֆինանսական միջոցներ ներգրավեն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Այո: Իրենց համար այս պահին այլևս երկրի հետ կապված բոլոր հարցերը, ռիսկերը և կոնյուկտուրան բացահայտված են: Այսինքն՝ դա լավ հնարավորություն է շուկա մտնելու, կամ ովքեր այդ շուկայում կան, կրկին թողարկում իրականացնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Հարգելի գործընկերներ, կառավարության նախորդ նիստերից մեկում արձանագրեցինք, որ փետրվարի 1-ից մեկնարկում է «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագիրը, և փետրվարի 1-ից ծրագիրը մեկնարկել է: Պարոն Գրիգորյան, մենք ի՞նչ արդյունքներ ունենք:

Ես տեսա, որ կան ահազանգեր: Հիշում եք, որ էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է քաղաքացու թեստի նեգատիվ լինելը, որի արդյունքում նա ազատորեն ճամփորդում է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, գործարկել ենք: Ընդ որում՝ ես այսօր վիճակագրությունը խնդրեցի և պարզվեց, որ ընդամենը 7 քաղաքացու դեպքում է, որ մեկնելու խոչընդոտ է առաջացել, այսինքն՝ տեխնիկական բնույթի խոչընդոտներ են տեղի ունեցել: Իսկ մեկնողների թիվն արդեն հազարավոր մարդկանց մասին է:

Շատ կարևոր է արձանագրել, որ նաև Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա: Սա նույնպես կարևոր տնտեսական գործոն է, որովհետև նախորդ համարյա մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր ցանկացել են գալ Հայաստան՝ իրենց հարազատներին տեսնելու և այլն, այդ հնարավորությունը չեն ունեցել: Եվ հիմա այս բացվող հնարավորությունը՝ երբ գիտեն, որ կարող են գալ, այսինքն՝ էլի կարող էին գալ, բայց վերադարձի հետ կապված խնդիրներ կլինեին, հիմա, երբ հստակ մեխանիզմն արձանագրված է, սպասվում է, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ նաև հարազատներին տեսակցելու նպատակով կժամանեն Հայաստան, ինչը որոշակի ճանապարհ է բացում նաև տուրիզմի ակտիվացման համար:

Եվ, պարոն Գրիգորյան, փետրվարի 15-ից նաև օրական 4 կանոնավոր չվերթ ենք ունենալու դեպի Ռուսաստանի Դաշնություն: Երեկ Ռուսաստանի կառավարությունը կայացրեց այդ որոշումը: Ի՞նչ է սպասվում սրա հետ կապված: Դա ի՞նչ է նշանակում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան - Պարոն վարչապետ, ըստ էության, հավելվածով ճամփորդելու այն մոդելը, որը մենք պայմանավորվել էինք Ռուսաստանի և Բելառուսի մեր գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում: Բայց երեկվա Ձեր նշած որոշմամբ, կարծում եմ, այդ մեկ ամսվա խնդիրն այլևս դուրս է եկել, և փետրվարի 15-ից ունենալու ենք 4 կանոնավոր չվերթ 2 ուղղությամբ, այսինքն՝ օրական 4 դեպի Ռուսաստան և 4 դեպի Հայաստան: Այս 3 օրվա ընթացքում - մենք, բնականաբար, մոնիթորինգի տակ ենք պահում իրավիճակը - Հայաստանից մեկնել է ընդհանուր առմամբ օդային ուղիներով, 2 օդանավակայանով 3900 մարդ, Հայաստան եկել է 3400 մարդ: Հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263:

Եվ կարող եմ վստահ ասել, որ հավելվածը լիարժեք աշխատում է: Այն խնդիրները, որոնց մասին Դուք նշեցիք, թվով 7-ն են, մեր այսօրվա արձանագրումը ցույց է տալիս: Բայց դա կապ չունի հավելվածի աշխատանքի հետ: Ըստ նախնական տվյալների՝ այդ մարդիկ մեկնել են Ռուսաստան թղթային QR կոդով, որը կասկածանք է առաջացրել ռուսական սահմանապահների մոտ: Մենք ավելի խորը կհասկանանք և ըստ հնարավորությունների կօժանդակենք, որպեսզի այդ խնդիրները լուծվեն: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ դա ընդհանրապես կապ չունի հավելվածի աշխատանքի հետ: Միակ խնդիրը, որ այդ պահին առաջացել է և ենթադրում է ծրագրային ճշգրտումներ, սմարթֆոնի մեջ երեխաների տվյալների հետ կապված համալրելն է: Ընդամենը դա է, և մենք գործընկերներին խնդրել ենք, որ այդ ծրագրային բարելավումն իրականացնեն: Բայց ծրագիրն այս պահի դրությամբ լիարժեք աշխատում է, և եթե չեմ սխալվում, արդեն կա մոտ 20000 ներբեռնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ամեն դեպքում շատ լավ կլինի այստեղ ստուգել անհրաժեշտ տվյալների առկայությունը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն մեկնել Ռուսաստան, և այնտեղ պարզվի, որ չեն կարող հատել սահմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան - Ձեր այդ հարցի պատասխանը, պարոն վարչապետ՝ ի՞նչ է տեղի ունեցել: Ըստ մեր նախնական տեղեկությունների և գնահատականների՝ առաջին օրվա ճնշման տակ օդանավակայանում բացառություն են արել և թղթային տարբերակով մարդկանց հնարավորություն են տվել, որպեսզի իրենք նույնպես մեկնեն, փորձել են, իհարկե, այնպես անել, որպեսզի ընդառաջեն, բայց, ի վերջո, ստացվել է այն, ինչ ստացվել է: Այսինքն՝ նորից կրկնեմ, որ, իհարկե, ճիշտ կլինի, որպեսզի մեկնել ցանկացողները լիարժեք ծրագրային կանոններին հետևեն, և որևէ խնդիր այդ պարագայում չի առաջանա: Ընդ որում, դա վերաբերում է ոչ թե մեկ կետի, այլ մենք հետևել ենք՝ 3 օդանավակայան Ռուսաստանում ու լիարժեք Մոսկվայում սպասարկել են ծրագիրը: Նաև Ռոստովում, այլ քաղաքներում նույնպես ծրագիրն աշխատում է առանց որևէ խոչընդոտի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ճիշտ կլինի նաև, որ ծրագրի մանրամասները լուսաբանվեն շարունակաբար, որպեսզի մարդիկ լիարժեք տեղեկացված լինեն և ճամփորդելիս հավելյալ բարդությունների չհանդիպեն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան - Պարոն վարչապետ, կխնդրեմ հավատարմագրված լաբորատորիաների մասին նաև նշել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, շատ կարևոր է արձանագրել, որ կոնկրետ լաբորատորիաներում պետք է տեղի ունենա: Ընդ որում, դա կապ չունի սուբյեկտիվ ընտրության հետ: Պարզապես այդ լաբորատորիաներն ունեն տեխնիկական այդպիսի հնարավորություն, որպեսզի օնյալն ռեժիմով տվյալները մուտքագրվեն, և արդեն քաղաքացիների սմարթֆոնների վրա արտահայտվի: Համեցեք, տիկին Ավանեսյան:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Շնորհակալություն: Ուղղակի ավելացնեմ, որ ծրագիրն սկսվեց ընդամենը 2 լաբորատորիայով, բայց այս շաբաթվա ընթացքում միացել է ևս 6 լաբորատորիա, այսինքն՝ մենք առանց որևէ հերթի կամ անհարմարությունների կարողանում ենք կազմակերպել ողջ պրոցեսը: Հավելվածի հետ կապված՝ մենք քայլերով նշված տեսաերիզ ունենք մեր կայքում: Խնդրեմ, եթե մեր քաղաքացիները հետևեն մեր կայքի նորություններին, այնտեղ շատ մանրամասն կերպով ցուցադրվում է՝ ինչպե՞ս ներբեռնել, ինչպե՞ս օգտագործել հավելվածը: Եվ, ինչպես պարոն Գրիգորյանն ասաց, խնդիրները եղել են ոչ թե հավելվածի հետ, այլ ուղղակի առաջին օրը թղթային տարբերակով են մեկնել, ինչը, ըստ կանոնների, չի մտնում այս ծրագրի մեջ: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Նկատի ունեք Առողջապահության նախարարությա՞ն կայքը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կառավարության էջերում էլ պետք է տեղադրել և խնդրել լրատվամիջոցներին, որպեսզի լուսաբանեն, հնարավորինս լայն տարածվի:-0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:24
09 Ապրիլի 2021
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
23:13
09 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել  է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով
19:45
09 Ապրիլի 2021
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ)
19:23
09 Ապրիլի 2021
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
18:50
09 Ապրիլի 2021
Ալեն Սիմոնյան. գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
Ալեն Սիմոնյանն ասաց, գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
14:54
09 Ապրիլի 2021
ՊՆ–ի մոտ վիճակը լարված է, տեղի է ունեցել ընդհարում գերիների հարազատների ու ոստիկանների միջև
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին դարպասները կոտրելով ներխուժել ՊՆ
14:39
09 Ապրիլի 2021
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
12:59
09 Ապրիլի 2021
Սահմանվել են ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
ԿԳՄՍՆ–ն սահմանել է ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
12:26
09 Ապրիլի 2021
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
12:06
09 Ապրիլի 2021
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները (ՎԻԴԵՈ)
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները . ՎԻԴԵՈ
11:04
09 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
22:58
08 Ապրիլի 2021
Գերիների վերադարձը հետաձգվում է. Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն է տարածել
Գերիների վերադարձը հետաձգվում է. Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն է տարածել