Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է, դատախազությունը հայտնել է քրեական հոդվածները

21.02.2023, 11:00
Դատախազությունը հաստատեց. երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է, դատախազությունը հայտնել է քրեական հոդվածները
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:

Նշենք, որ խոսքը ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար , գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի մասին է։

Ինչպես հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, Խաչատուրովի կալանքի մասին միջնորդությունը կքննվի այսօր ժամը 12։00–ին Հակակոռուպցիոն դատարանում։–0–