ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պատրաստվում է ապրիլի 5–ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, և քաղաքական ուժերը սկսում են ակտիվ քարոզարշավը։
«Այո» շտաբը նախօրեին կազմակերպել էր դրամահավաք–երեկո։ Հրապարակվեցին նաև քարոզարշավի տարբերանշանի` լոգոյի համար հայտարարված բաց մրցույթի հաղթողների անունները։
Երրորդ տեղը զբաղեցրեց Աստղիկ Մարգարյանը` ստանալով 1 մլն դրամ մրցանակ (մոտ 2,1 հազար դոլար)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Strategy Solutions ընկերությունն` արժանանալով 2 մլն դրամ մրցանակի (մոտ 4,2 հազար դոլար)։ Այս երկու տարբերանշանների տվյալները գնվեցին և դարձան հանրային սեփականություն։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Garoon Agency ընկերությունը, որն իր տարբերանշանի համար արժանացավ 3 մլն դրամ մրցանակի (մոտ 6,3 հազար դոլար)։
Մրցանակը հանձնեց «Այո» շտաբի ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Իսկ հեղինակային իրավունքների մասին ընդհանրապես լսե՞լ եք
Հենց հաջորդ օրը սկսվեց մի իսկական սկանդալ, երբ սոցցանցերում հայտնվեցին 1991թ.–ի հանրաքվեի տարբերանշանի լուսանկարները։ Գրառումների նմանությունն ակնհայտ է. ամբողջովին համընկնում են գրառման տառատեսակն ու ոճը։
Տարբերվում է միայն տարբերանշանի հետևի մասն ու թեքությունը։ 1991թ.–ի տարբերանշանի գրառումն արված է մեծ զանգի ֆոնին։
Փնտրվում է բնօրինակի հեղինակը
Ստեղծված իրավիճակին արձագանքել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ով իր Facebook–յան էջում հրապարակել է 1991թ.–ի տարբերանշանի լուսանկարն ու գրել. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։
Ավինյանը, սակայն, չի նշել, թե ինչ նպատակներով է փնտրվում բնօրինակի հեղինակը և ինչ է նախատեսվում ձեռնարկել։ Հնարավոր է, որ նոր տարբերանշանի բնօրինակ լինելու հարցը կասկածներ է հարուցել նաև «Այո» շտաբում։–0–