Երեխաները խաղալիս են եղել. հրապարակվել են Երևանում 9–ամյա երեխայի մահվան հանգամանքները

12.10.2021, 12:15
Երեխաները խաղալիս են եղել. հրապարակվել են Երևանում 9–ամյա երեխայի մահվան հանգամանքները
Երեխաները խաղալիս են եղել. հրապարակվել են Երևանում 9–ամյա երեխայի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 10–ին Իսակովի պողոտայի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնի տակից հայտնաբերված 9-ամյա տղա երեխան միայնակ չի եղել դեպքի վայրում։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Անկախ մայլա» թաղամասում գտնվող տարածքներից մեկում՝ բետոնե պանելի տակ, երեխայի դի կա։

Փրկարարներն ու ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնե փլված քարի տակ, հայտնաբերել են 9-ամյա Է. Ե-ի դին։

Ինչպես հաղորդում է news.am–ը, հղում անելով տարածքի բնակիչներից մեկին, մահացած երեխան ընկերոջ հետ խաղալիս է եղել, երբ երկաթբետոնե սալիկներից մեկը ընկել է նրանց վրա, և երեխաներից մեկը չի հասցրել փախչել։

«Տարածքի երեխաները միշտ էլ այդ տարածքում խաղում են։ Ժամը 4։30–ի սահմանում ես տեսա, թե ինչպես երկու երեխա գնացին գարաժի հետևը։ 5։ 15–ի կողմերը ես նկատեցի, որ երեխաներից մեկը տարածքից փախավ։ Խաղալիս երեխեքից մեկն է նկատել, որ պանելն ընկնում է, ինքը փախել է, էն մյուսն էլ չի հասցրել»,– պատմել է բնակիչը։

Նրա խոսքով՝ երեխան վախեցած է եղել, իրեն շատ վատ է զգացել, սկզբում ընտանիքի անդամներին չի կարողացել ոչինչ չի պատմել և միայն ժամեր անց է կարողացել դեպքի մասին պատմել հարազատներին, որից հետո էլ այդ տարածքում սկսել են փնտրել երեխային, բայց ժամեր անց է միայն հաջողվել գտնել 9–ամյա տղային դին։

«Բաց տարածք էր, բայց մութ էր արդեն, ոչ մեկ էլ չէր կարող հեշտ գտնել, ինչքան էլ որ տեղը ցույց տային։ Պանելը փոսի մեջ էր հայտնվել, երեխան էլ պանելի տակ։ ԱԻՆ են կանչել, որից հետո է միայն հայտնաբերվել երեխու դին, կեսգիշերն անց»,– պատմել է նա։

«Մենք սեփականատիրոջը (տարածքի, խմբգր.) չենք ճանաչում, ընդամենը տեսնում էինք, որ մի քանի տարին մեկ գալիս է մի քանի րոպեով, տեսնում ամեն ինչ կարգին է ու գնում։ Դեպքից հետո էլ ոչ մեկ չի եկել, չի հետաքրքվել»,– նշել է զրուցակիցը։–0–