ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Անկախ մայլա» թաղամասում գտնվող տարածքներից մեկում՝ բետոնե պանելի տակ, երեխայի դի կա։
Փրկարարներն ու ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնե փլված քարի տակ, հայտնաբերել են 9-ամյա Է. Ե-ի դին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ին երեխայի հայրը դիմել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին ժամը 17։00-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, որից հետո Մալաթիայի ոստիկանները, երեխայի հարազատներն ու հարևանները սկսել են որոնողական աշխատանքներ, ապա նշված վայրում, որը երեխայի բնակության վայրի հարևանությամբ է, հայտնաբերել են երեխային արդեն մահացած վիճակում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–