Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ–ում UNICEF–ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները

09.03.2021, 14:53
Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ–ում UNICEF–ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները, տեղեկություններ են տարածվել, որ նա լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին
Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ–ում UNICEF–ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները: 

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին: Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումները»,- ասաց Խաչատրյանը:

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ։ Նա նաև ընդգծել է, որ որոշման մասին ՄԱԿ–ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Նախօրեին Telegram–ի հայկական ալիքները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էին, որ ՀՀ իշխանությունները կասկածում են, որ Քլարկ-Հաթթինգն իրականացրել է լրտեսություն` հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի կապակցությամբ Երևանը որոշել է դադարեցնել նրա մանդատը, բայց դրան տալ դիվանագիտական պարզաբանում։

Նշենք, որ Մարին Քլարկ-Հաթթինգը նշանակվել է ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ 2020թ.–ի հուլիսին։–0–