«Չկա և չի կարող լինել».Փաշինյանը հերքել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին փաստաթղթում «գաղտնի դրույթի» առկայությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հերքել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին փաստաթղթում «գաղտնի դրույթի» առկայությունը։
Նշենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նախօրեին հրապարակել է «գաղտնի փաստաթուղթ» հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի մասին, որով նախատեսվում է Ադրբեջանին փոխանցել մի շարք հայկական գյուղեր։ Նրա խոսքով, եռակողմ հայտարարության տեքստն արդեն համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել հայ–ադրբեջանական հանձնաժողով սահմանների դելիմիտացիայի հարցով և Ադրբեջանին փոխանցել 6 հայկական գյուղ (5–ը` Տավուշում, 1–ն` Արարատում)։ Նրա խոսքով, նախատեսվում է հայտարարությունը ստորագրել մինչև հունիսի 30–ը։ Մինասյանի տեղեկություններով, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան: ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է. «Այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններով՝ 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99.9, այլ 100 տոկոսով։ Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետեւ կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»։
«Ես կոռեկտ չեմ համարել, որ աշխատանքային փաստաթուղթը, որը դեռ քննարկումների փուլում է, հրապարակվի, դա վատ ու անլուրջ վիճակի մեջ կդնի որևէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ապա ասեմ, որ այո, դա միակ և եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես, երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ», – հայտաարեց նա ԱԺ հրատապ նիստի ժամանակ։
Նրա խոսքով, փաստաթղթի մեջ ամենակարևորն այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունը լուծվում է դիվանագիտական քաղաքական ճանապարհով:
«Չկա և չի կարող լինել գաղտնի հավելված: Սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է: Պետք է հասկանանք, որ մենք բոլորս շատ լարված ենք և շատ ծանր ճանապարհի միջով ենք անցել և անցնում, բայց դա չի նշանակում, որ պետք է պարզ բաներ չնկատենք», – ասաց նա։–0–